15/01/2013 19:50
ԿԸՀ-ն բաժանեց ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հունվարի 15-ին գումարած հերթական նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է նաև 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 884-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 619-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 110-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 110-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 110-ական:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: Այս պահի դրությամբ գրանցված թեկնածուներն են՝ ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: