18/01/2013 16:40
Շներին հաշվառելու ժամանակ չունեն, իսկ 220 մլն դրամ` խնդրեմ
2013 թ.-ի համար Երևանի քաղաքապետարանը 46 096 շուն վնասազերծելու համար նախատեսել է տրամադրել 220 մլն դրամ: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ուղարկված գրության մեջ:
Պարզվում է, որ նաև 2012 թ.-ին է 220 մլն դրամ տրամադրվել նույն նպատակի համար:
Նշվում է, որ մրցույթն ընթանում է բաց ընթացակարգով և բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։
Երևանի քաղաքապետարանը հաշվարկում է «տվյալ տարվա ընթացքում վնասազերծման ենթակա շների թվաքանակը». այն հաշվարկվում է «փողոցներում դիտարկման միջոցով և տարվա ընթացքում պոպուլյացիան (բազմացումը), հարևան մարզերից Երևան քաղաք կենդանիներ թափանցելու և բազմանալու փաստը և այլ հանգամանքներ»։ Հետևություն` ուրբանիզացիան ազդել է նաև շների վրա:
Պատկանը մարմինը հավաստում է, որ Երևանում թափառող շները բավականին բեղուն են և «մեկ էգ շունը 6 տարվա ընթացքում կարող է ունենալ 67 000 ձագ» (հաշվի առած իր ձագերի, ձագերի ձագերի միջոցով նաև և այդպես շարունակ): Հույժ բեղուն երևանյան շները, ըստ քաղաքապետարանի, եթե չամլացվեն, ապա Երևանում «տխուր պատկեր կլինի»։
Պաշտոնապես թեև հաղորդվում է, որ Երևան քաղաքում փողոցներում առկա շների հաշվառում երբեք չի կատարվել, դա տևական պրոցես է, սակայն «հատկացված գումարի հնարավորությունից ելնելով՝ սովորաբար տարվա ընթացքում նախատեսվող վնասազերծման ենթակա թափառող կենդանիների թիվը ավելի փոքր է լինում, քան դրանց իրական թիվը», ասել կուզի` Երևանում 46 հազարը հեռու է իրական աստղաբաշխական շնաթվաքանակից:
«Շների առկայության վերաբերյալ մշտապես կատարվել և կատարվում են ուսումնասիրություններ և հաշվարկներ» ասվում է հաղորդագրության մեջ, իսկ թե ո՞վ, ինչպե՞ս, ե՞րբ. Հարցեր, որոնց պատասխանները արդեն կան քաղաքապետարանի պատասխանի մեջ` «շների հաշվարկը տևական պրոցես է, երբեք հաշվառում չի կատարվել»:
«Յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվում է թափառող կենդանիների վնասազերծման տեխնիկական հսկողության հանձնաժողով, որի կողմից կատարվում է մրցույթում (բաց ընթացակարգում) հաղթող (հիմա` միակ «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը) ճանաչված կազմակերպության կողմից վնասազերծված թափառող կենդանիների հաշվառում»։
Նշենք, որ շների վնասազերծման մրցույթի վերաբերյալ «Փրկենք կենդնաիներին» ընկերության նախագահ Նունե Մեհրաբյանը և համախոհները դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ուսումանսիերլու մրցույթը, այն 2006 թ.-ից սկսած հաղթում է միայն «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը. ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել:
Նշվում է, որ Երևանում կարելի է հաշվել առավելագույնը 5-7 հազար շուն, իսկ 46 հազար շների թվաքանակը` ուռճացված է:
Նախորդող հրապարակում՝ Երևանում կա 46 հազար շուն. Դա երկու անգամ քիչ է մարդկանց թվից