18/01/2013 18:25
Իվանիշվիլին ընկալեց կաթողիկոսի ուղերձը՝ Չախալյանի ազատ արձակման հետ կապված
«Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստան շատ դրական եմ գնահատում. վրացական կողմը ցույց տվեց, որ որևէ խնդիր գոյություն չունի հայկական կողմի հետ և բոլոր հարցերը կարելի է քննարկել և լուծել բանակցությունների միջոցով»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Հայաստան կատարած այցին և հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման վրա այցի ազդեցությանը, ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց, որ 2 կողմերը ստորագրեցին մի շարք համաձայնագրեր մշակութային և մաքսային ոլորտներում համագործակցության հետ կապված, ինչպես նաև՝ քննարկեցին Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացներին առնչվող հարցեր:
«Այցի մեսիջներից ամենակարևորն այն է, որ Իվանիշվիլին ընկալեց մեր վեհափառի ուղերձը՝ կապված Վահագն Չախալյանի ազատ արձակման հետ և մոտակա ժամանակներս մենք ականատես կլինենք Վահագնի ազատությանը»,- ասաց նա:
Ջ. Մելիքյանը նշեց, որ Բիձինա Իվանիշվիլին այցի ընթացքում ցույց տվեց, որ կառուցողական մոտեցում ունի հայկական մշակութային կոթողների նկատմամբ:
«Իվանիշվիլիի հիմնադրամը մեծ աջակցություն է ցուցաբերել վրաց ուղղափառ եկեղեցուն և ավելի քան 500 կոթողներ է վերակագնել Վրաստանում և նրա սահմաններից դուրս»,- ասաց բանախոսը:
Ըստ նրա, Իվանիշվիլին հայտարարել է, որ զբաղվելու է նաև հայկական հուշարձանների վերականգնմամբ և դա շատ կարևոր է, քանի որ, ըստ Մելիքյանի, հայ և վրացի մասնագետները դեռևս շարունակում են քննարկել այդ եկեղեցիների պատկանելիության հարցը, ինչը ժամանակ է խլում և կարող է ազդել այդ կոթողների վիճակի վրա:
Վրաստանի հարցերով փորձագետը նշեց, որ քանդման շեմին է գտնվում Նորաշենի եկեղեցին և Վրաստանի վարչապետի հայտարարությունը շատ դրական է հայկական կոթողների պահպանման առումով և պետք է սպասել վրաց եկեղեցու դիրքորոշմանը:
Բանախոսը հավելեց, որ հայ-վրացական հարաբերություններում նոր էջ է բացվում և Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը էլ ավելի կհարստանա: