18/01/2013 11:24
Ս.Սարգսյանն այցելեց Արարատյան տարածաշրջանային մաքսային ուսումնական կենտրոն
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումներ այցերի շրջանակներում այցելեց Արարատյան տարածաշրջանային մաքսային ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացավ մաքսային ուսումնական ծրագրերին:
Երկրի ղեկավարին ներկայացվեց մաքսային ծառայողի նոր համազգեստը և նորաստեղծ մասնագիտացված համակարգչային լսարանը:
Սերժ Սարգսյանին ներկայացվեց տեղեկատվություն` ուսումնական կենտրոնի գործնական դասընթացների վերաբերյալ:
Մաքսային ծառայության ուսումնական կենտրոնը գործում է 2012 թ. հուլիսի 24-ից, մաքսային ծառայողների և մաքսային բրոքերների ուսուցման նպատակով այստեղ պարբերաբար դասընթացներ են կազմակերպվում:
Կենտրոնում արդեն վերապատրաստվել է շուրջ 300 աշխատակից: Կենտրոնում Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 12 աշխատաժողով:
Ինչպես նշեց հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալ Սուրեն Մելիք-Իսրայելյանը, նորաստեղծ լսարանը հանդիսանում է մաքսային հսկողության սարքերի, սարքավորումների և ուսումնական մասնագիտացված ծրագրերի լսարան: Նա նշեց, որ եվրոպական բոլոր երկրներում օգտագործվում են այսպիսի սարքավորումներ, իսկ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջինն է, որն ունի այսպիսի սարքավորումներ: Այս սարքավորումները կիրառվում են նաև պետական տարբեր մարմինների կողմից, այդ թվում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի, օդանավակայանների կողմից:
Սուրեն Մելիք-Իսրայելյանի խոսքով, իրենք հնարավորություն ունեն իրենց մոտ պատրաստել և վերապատրաստել այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին: