21/01/2013 13:57
«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը Երևանում է
Կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է Արցախի մասին ֆիլմ նկարահանվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ նման մտահաղացում ունի և հնարավոր է առաջիկայում այն իրագործի:
Նա ներկաներին ցուցադրեց ՀՀ նախագահից ստացած հուշամեդալը, և պատմեց, որ ՀՀ նախագահի հետ զրուցել են Արցախի կինոարտադրության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին:
Կ. Շահնազարովը կատակով նշեց, որ ռուսական կինոարտադրության 60 տոկոսը հայերի ձեռքում է: «Հայկական կինոյի ամենաիրական շուկան Ռուսաստանն է, և այդ ուղղությամբ պետք է աշխատել, քանի որ Հայաստանը փոքր երկիր է՝ փոքրաթիվ բնակչությամբ, իսկ կինոն շուկա է պահանջում»,-ասաց նա:
Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է Կ. Շահնազարովի «Սպիտակ վագր» ռազմական թեմայով ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
«Ռազմական թեմայով կինո նկարելը իսկական արկած է, և ծանր աշխատանք է միանգամից 40-50 տանկով տեսարան նկարահանելը: Ինչքան մեծանում, այնքան հասկանում էի, որ դա պետք է անել հենց հիմա: Այս ֆիլմում ես ոչ թե ֆորմալ, այլ իսկական պրոդյուսեր եմ, և աշխատել եմ սկզբից մինչև վերջ»,-ասաց Կ. Շահնազարովը: