22/01/2013 10:19
Րաֆֆի Հովհաննիսյանն էկզոտիկ քարոզարշավ է վարելու
«Հրապարակ» թերթը գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին էկզոտիկ քարոզարշավ է վարելու` նա շտաբի պետ չի ունենալու: Սպասվում էր, որ նրա շտաբի պետը լինելու է ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լևոն Բաղրամյանը, որին այդ նպատակով նա անձամբ էր հրավիրել Հայաստան: Բայց քանի որ վերջինս ՀՀ քաղաքացիություն չունի, նպատակահարմար չեն գտել, որ ստանձնի շտաբի պետի պաշտոնը: Որոշվել է, որ նա կհամակարգի շտաբի աշխատանքները: Վերջինս համաձայնել էր և մեկ ամսով պետք է գար Հայաստան, ինչի մասին նախորդ օրը հայտարարեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը «Արմենիա» հեռուստաալիքի եթերով: Սակայն թերթը տեղեկություն ունի, որ Լևոն Բաղրամյանը չի գալու ոչ մեկ ամսով և ոչ էլ մեկ օրով: Զի հընթացս որոշվել էր, որ վերջինս գալու է ոչ թե որպես շտաբի պետ և կամ համակարգող, այլ որպես կամավոր աշխատող, ինչն էլ, ըստ ամենայնի, առանձնապես չէր ոգևորել նրան: Ճիշտ է, «Հրապարակի» վաշինգտոնյան աղբյուրները տեղեկացրել են, որ նա շատ զբաղված է` «անհետաձգելի գործեր ունի» Կոնգրեսում: