23/01/2013 16:27
ՄԻՊ աշխատակիցների այցից հետո կալանավորը դադարեցրել է հացադուլը
Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են հունվարի 21-ին հացադուլ հայտարարած կալանավոր Արթուր Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից:
Կալանավորը հացադուլի միջոցով բողոքում էր, որ իր նկատմամբ սկզբնական շրջանում որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունով քաղաքից չբացակայելը փոխվել է` կալանքի:
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Հաբեթ Մարտիրոսյանն ու Արտակ Բարսեղյանը կալանավորի հետ առանձնազրույցի ընթացքում հորդորել են դադարեցնել հացադուլը, և խնդիրը լուծել այլ եղանակով:
Արդյունքում Արթուր Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը և դիմումով աջակցություն խնդրել Պաշտպանից:
Պաշտպանին ուղղված դիմումով Արթուր Պետրոսյանը խնդրել է Պաշտպանի միջնորդությունը` որպես խափանման միջոց կիրառել ոչ թե կալանավորումը, այլ ստորագրությունով` չբացակայելը, քանի որ իր խնամքի տակ են գտնվում երկու անչափահաս երեխաներ:
Նախորդող հրապարակում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը հացադուլ է հայտարարել