25/01/2013 13:53
Երևանյան բեսթսելլեր 2. Ամենաշատ վաճառված գրքերի ցանկը (Տեսանյութ)
«Արմենպրես» լրատվական գործակալության հարցումների արդյունքում երևանյան գրախանութներից ամենաշատ գնված գրքերի ցանկը կրկին գլխավորւմ է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: Երկրորդ տեղում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթները» գիրքն է: Ռուսական ժողովրդական հեքիաթները շարունակում են հետաքրքրել փոքրիկներին. այդ շարքից «Բոքոնիկը» ամենաշատ գնված գրքերից երրորդն է:
Ցանկի չորրոդ հորիզոնականում ժամանակակից հայ գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» գիրքն է: Ամերիկացի հայտնի գրող Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» այս անգամ հինգերորդ հորիզոնականում է:
Թումանյանի, Անդերսենի և ռուսական ժողովրդական հեքիաթներին զուգահեռ փոքրիկներին հետաքրքիր են նաև վեցերորդ հորիզոնականում հայտնված Ղազարոս Աղայանի հեքիաթները: Երևանյան գրախանութներում պահանջված է նաև ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինքսթոն անունով ճայը» գիրքը: Այն ամենաշատ գնված գրքերի ցանկում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը, որին հաջորդում է Գրիգոր նարեկացու «Մատյան ողբերգության»-ը: Իններորդ հորիզոնականում Լևոն Ներսիսյանի «Վերջին խոսքը» գիրքն է: Անվանի դասականներից ու հեքիաթագիրներից իր հետաքրքրությամբ ու վաճառքով հետ չի մնում նաև Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»: Այն ցանկի վերջին` տասներորդ հորիզոնականում է:
Երևանի գրախանութներում ամենաշատ վաճառված հայերեն գեղարվեստական գրքերի երկրորդ ցանկն այս անգամ կներկայացնի նաև հրատարակչությունը: Ցանկություն կար հրապարակել նաև վաճառված գրքերի թվային տվյալները, սակայն գործընկեր-գրախանութների խնդրանքով որոշվեց ձեռնպահ մնալ և ժամանակավորապես չհրապարակել դրանք: Այժմ քննարկվում են թվային տվյալների հետագա հրապարակման մոդելները:
Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան վեց գրախանությների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք», «Նոյան տապան», «Մեկ պրինտ», «Բյուրոկրատ», «Բուքինիստ» և «Արտբրիջ» գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրեսն» ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով: