25/01/2013 12:32
«Հայէլեկտրո» գործարանի դեմ հարուցված է 78 կատարողական վարույթ
Նաիրիտ գործարանը պարտքեր և իր դեմ հարուցված վարույթներ ունի, մասնավորապես ՎՏԲ բանկի ու ամենախոշորը Հայռուսգազարդի կողմից, որին պարտքը կազմում է 1 մլրդ դրամից ավելի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:
«Մենք գիտակցում ենք, որ նրա չաշխատելը մեծ ազդեցություն կունենա, դրա համար մենք փորձում ենք գրաֆիկներ ստեղծել, որոնց համաձայն նրանք պարտքը կմարեն»,-ասաց Մ.Պողոսյանը:
Անդրադառնալով «Հայէլեկտրո» գործարանին՝ նա նշեց, որ գործարանի դեմ հարուցված է 78 կատարողական վարույթ, իսկ հանրակացարանը դրված է աճուրդի:
«63 ընտանիք են բնակվում այդտեղ, որոնք գործարանի նախկին աշխատակիցներ են ու փախստականներ: Պայմանագրով նշված է, որ վաճառքից հետո նրանք մինչև չապահովվեն կացարանով, մենք չենք հանձնելու այն սեփականատիրոջը, այսինքն, միայն սեփականատերը կփոխվի, սակայն բնակիչները չեն վտարվի, մինչև պետությունը նրանց բնակարանով ապահովի: Կառավարությունում քննարկվում է այդ հարցը»,-ասաց Մ.Պողոսյանը:
Մ.Պողոսյանի խոսքով, այս պահին կառավարությունում շրջանառության մեջ է դրված վերջին կացարանից չզրկելու մասին օրենքի նախագիծը, ինչը կօգնի լուծել շատ խնդիրներ հատկապես մարզերում, որտեղ այդ խնդիրը շատ հստակ է դրված. «Այսինքն, գումարից զատ դու չես կարող տուն բռնագանձել, եթե նրա արժեքը 2մլն դրամից պակաս է»: