25/01/2013 11:07
Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վ. Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ` Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք:
Նա մեծ հետք է թողել ռուսական մշակույթում: Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում:
1970-ին համերգներ է տվել Հայաստանում: Վ. Վիսոցկին խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Շեքսպիրի «Համլետի» դերում: 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի:
Մահացել է 1980 թ. հուլիսի 25-ին: