26/01/2013 15:11
Գ. Մինասյան. 2012-ի Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներն ավելի դրական են
2012 թ. տնտեսական տարվա ցուցանիշները համաշխարհային ցուցանիշների հետ համեմատած դրական են, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը կհրապարակվի շուտով, և այն կկազմի շուրջ 7%, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կկազմի 7,2 %:
Գ. Մինասյանի խոսքով՝ 2008 թ. ճգնաժամից հետո նվազել է շինարարության մասնաբաժինը, սակայն 2012-ին այն փոքր աճ է գրանցել, աճ է գրանցվել նաև արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում:
«Գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 9.5 %, ավելացել են մշակվող հողատարածքների ծավալները, սուբսիդավորվում են դիզվառելիքը և ազոտական պարարտանյութը: Իսկ տեղական պարարտանյութի արտադրության խթանման ծրագիրը հետաձգվել է Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով»,- ասաց նա:
Անդրադառնալով գնաճին, Գ. Մինասյանը նշեց, որ միջին գնաճը կազմել է 2,6 %, միջին աշխատավարձը ավելացել է մինչև 121 հազար դրամ, իսկ արտահանման աճի տեմպը 2,5 անգամ գերազանցում է ներմուծման աճի տեմպին, իսկ առաջիկայում արտահանման և ներմուծման ցուցանիշները կհավասարվեն, ինչը կայունության երաշխիք է:
«2012-ի Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներն ավելի դրական են, քան ԱՊՀ երկրներում: Գնաճի զսպումը եղել է մեր տնտեսական գործունեության կարևորագույն խնդիրներից մեկը: Բյուջե 2012-ի կատարողականի առումով պետք է նշել, որ հարկային մուտքերն ամբողջությամբ կատարվել են, 101 մլրդ դրամը հավաքագրվել է: Արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 37 տոկոսը»,- ասաց նա:
Անդրադառնալով ատամնաբուժական ոլորտում դեպի արտոնագրային վճարման դաշտ անցումին, նա նշեց, որ դա արդարացված է, քանի որ արտոնագրային հարկումն ավելի նպատակահարմար է, քան շահութարկի վճարումը, և այն ունի չափազանց մեծ առավելություն: