26/01/2013 16:58
Երկու բաժակ սալյարկա, երկու բուռ սելիտրա, անունն էլ՝ սուբսիդիա
Օրերս կառավարությունը որոշեց այս տարի ևս հողօգտագործողներին տրամարդել մատչելի դիզվառելիք և ազոտական պարարտանյութ՝ 17 միլիոն լիտր վառելանյութ և մոտ 11 հազար տոննա ամոնիակային սելիտրա: Դիզվառելիքը կհատկացվի 1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը` 6 հազար դրամով։
Կառավարության նիստի ժամանակ մատչելի դիզվառելիքի և սելիտրայի վերաբերյալ նախագիծը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նշեց, որ դիզվառելիքը ձեռք է բերվելու մրցակցային հիմունքներով: Գների տարբերությունը սուբսիդավորում է պետությունը:
2012 թ.-ին նույն հիմունքներով հողօգտագործողներին տրվել էր դիզվառելիք և սելիտրա:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ որոշ խմբագրական աշխատանքներ կան: Ենթադրելի է, որ խոսքը դիզվառելիքի և սելիտրաի ձեռքբերման մրցույթի մասին է. Հիշեցնենք, որ անցյալ տարի նման մրցույթ այդպես էլ չհայտարարվեց: Դիզվառելիքը գնեցին միայն «Ֆլեշ» ընկերությունից՝ լիտրը 350 դրամով:
Թեև նախարարը հայտնեց, որ գնումները իրականացվելու են մրցակցային հիմունքներով, նշենք, որ գնվելիք դիզվառելիքի գինն արդեն ֆիքսված է՝ 350 դրամ/լիտր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այս որոշումից գոհ էր: Նա նշեց, որ մարզպետարանների ներկայացրած փաստաթղթերից պարզ երևում է, որ դիզվառելիքի և պարարտանյութերի պահանջարկն ավելացել է. Վարչապետը հետևություն արեց. «Այս տարի մշակվող հողատարածքների ծավալները ևս կաճեն»:
Նշենք, որ Հայաստանի մշակովի հողատարծքները, ըստ պաշտոնական տեղեկատվության, 560 հազար հա է, որից չի մշակվում 37-40 տոկոսը, գյուղոլորտի մասնագետների կարծիքով, սակայն, այդ տոկոսը կազմում է 60-70:
Aysor.am-ի թղթակիցը զրուցեց նաև հողօգատգործողների հետ: ըստ նրանց՝ մեկ հա հողատարածքը հերկում, ակոսում, տափանում են նույն գնով, ինչ նախորդ տարիներին` 40 հազար դրամ. հարց է առաջանում, ինչով է թեթևացել գյուղացու հոգսը, եթե մեխանիզացիայի գները այդպես էլ չեն նվազել. կարելի է ենթադրել, որ սուբսիդավորված դիզվառելիքը նպատակին չի ծառայել:
Սելիտրայի մասով: Նշենք, որ Հայաստանը տարեկան մինչև 35 հազար տոննա ազոտական պարարտանյութ է ներկրում:
Հիշեցնենք, որ 2012 թ.-ին գործարկվել է Վանաձորի քիմիական գործարանը: Նախատեսվում է, որ գործարանը տարեկան արտադրելու է 50 հազար տոննա պարարտանյութ: Եթե գործարանը աշխատում է, և նախատեսված էր, որ արտադրանքը բավարարելու է հանրապետության պահանջարկը, ինչո՞ւ է մեկ պարկ սելիտրայի գինը 6000 դրամ, ինչպես նախորդ տարի:
Այսքանով. ո՞ւմ է ուղղված կառավարության մատչելի ծրագիրը` հողօգտագործողներին, թե՞ դիզվառելիք և սելիտրա ներկրողներին: