29/01/2013 15:59
Փոքր և միջին բիզնեսի հարկային պարտավորություններն ավելացել են
«Եկամտային հարկի մասին» և «Արտոնագրային վճարների մասին» օրենքներով գործատուների հարկային պարտավորություններն ավելացել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ 2013թ.-ից «Եկամտային հարկի մասին» օրենքով 120 հազար դրամ աշխատավարձ ստացողներից գանձվելու է 24.4 տոկոս հարկ, 120 հազարից մինչև 2 մլն դրամի դեպքում` 26 տոկոս և 2 մլն դրամից ավելի ստացողներից` 36 տոկոս:
Վ. Սիմոնյանը նշեց, որ աշխատողների վրա օրենքի փոփոխություները չեն ազդի, իսկ յուրաքանչյուր աշխատողի համար «Եկամտային հարկի մասին» նոր օրենքով գործատուն լրացուցիչ վճարելու է 600-700 դրամ՝ մինչև 120 հազարի դեպքում, իսկ 2 մլն և ավելի ստացողների դեպքում` վճարելու է մինչև մի քանի հարյուր հազար դրամ:
Վահան Սիմոնյանը խոսեց նաև նոր «Արտոնագրային վճարների մասին» օրենքից, մեջբերեց Ատամնաբույժների ասոցիացիայի նախագահի խոսքը, ըստ որի, նախկին օրենքով, մեկ աթոռի համար ատամնաբուժարանը վճարում էր 10-12 հազար դրամ, իսկ փոփոխված օրենքով` 80 հազար դրամ:
«Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը նախատեսվում է անցկացվել էլեկտրոնային եղանակով»,- որպես մխիթարանք հայտարարեց Վահան Սիմոնյանը:
Նշենք, որ Արտոնագրային վճարների մասին օրենքից դժգոհ են ատամնաբույժները, բրոքերները, տուր-օպերատոները, իսկ «Եկամտային հարկի մասին» օրենքով 2 մլն դրամ և ավելի ստացողներից 36 տոկոս գանձումը անհանգստացրել է ՏՏ ոլորտին: Ոլորտի պատասխանատուները մտավախություն ունեն, որ այսպիսի հարկման դեպքում ոլորտը կգնա ստվեր, հավանական է նաև մասնագետների արտագաղթը:
Նախորդող հրապարակում՝ Հարկային փոփոխություններով միայն հաշվապահությունն է հեշտացել