30/01/2013 16:45
«Անդրանիկ Զատիկյանը մահացել է թունավորումից»
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Անդրանիկ Զատիկյանը մահացել է թունավորումից: Վահան Զատիկյանի քեռու՝ Մելս Հարությունյանի այս կարծիքը փոխանցում է «Փաստինֆոն»:
«Շատերը մտածում էին, որ նա եղբոր` Սեդրակի սպանությունից հետո կարող է ինչ ասես անել, բայց նա իրեն շատ տղամարդավարի պահեց, կամքի ուժ դրսևորեց,- «Փաստինֆո»-ին ասել է Վ. Զատիկյանի քեռին:
« Նա կարողացավ իրեն տիրապետել: Ինքնասպանություն կատարող մարդը մինչ այդ թեթևություն կունենար նաև եղբոր սպանության վրեժը լուծելու, բայց նա այդ քայլին երբեք չի գնացել, կարողացել է չտրվել իր զգացմունքներին, ինքնատիրապետել իրեն: Դեպքից առաջ նրա վարքում որևէ տարօրինակ փոփոխություն չեմ նկատել»,- ասել է Մելս Հարությունյանը:
Ինչ վերաբերում է թմրամիջոցի հնարավոր գործածմանը, ապա, ըստ Մելս Հարությունյանի, նման բան չի եղել. « Մահվանից մոտ մեկ ամիս առաջ Գերմանիա էր գնացել։ Մորն այնտեղ տարել էր բժշկի, և առիթից օգտվելով, մոր առաջարկով ինքն էլ Գերմանիայում, հիվանդանոցում բժշկական մանրամասն հետազոտման էր ենթարկվել: Հետազոտության արդյունքներում, որոնք ինձ մոտ են, չկա որևէ տվյալ, որը կվկայի նրա կողմից թմրամիջոց օգտագործելու մասին»:
Ըստ «Փաստինֆոյի» զրուցակցի` բազմաթիվ սպանություններ կազմակերպվել են թունավորմամբ, և ինքն այն կարծիքին է, որ Անդրանիկ Զատիկյանին ևս թունավորել են: