30/01/2013 17:20
Հրանտ Բագրատյանի դեմ գործով դատական նիստը նորից հետաձգվել է
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի դեմ գործով դատական նիստը նորից հետաձգվել է դատավոր Սիմիզար Հովսեփյանի վատառողջ լինելու պատճառով:
Հրանտ Բագրատյանի լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում միայն նշեցին, որ այս դատական գործը խայտառակություն, իսկական խեղկատավություն են համարում:
Հ. Բագրատյանի պաշտպան Վահե Հովսեփյանը նշեց, որ այս հայցում ներկայացված փաստերը անհիմն են, և իրենք փաստեր ունեն, որ քննարկվող ծրագիրն իրենցն է, ոչ թե հայցվոր Մանյա Հակոբյանինը:
«Այդ ծրագիրը, որ իբր թե գրվել է Մանյա Հակոբյանի կողմից, իրականում Հարություն Կարապետյանն է տվել Բագրատյանին, որն էլ հետո ուղարկվել է Մանյա Հակոբյանին: Իրենց բոլոր փաստարկները անհիմն են»,- ասաց նա:
Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 4-ին:
Նշենք, որ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանյա Հակոբյանը դատարանում վիճարկում է «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխման ծրագրի» հեղինակային իրավունքները:
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր այս թեմային: «Հրանտ Բագրատյանն իր ծրագրին «ավելացրել է երկու հիմար կետեր», իրեն է վերագրում. «Հրանտ Բագրատյանն անգամ մեկ ստորակետի ներդրում չունի այդ ծրագրի մեջ, նրա ներդրումը միայն իր անունն է, որը գրել է ծրագրի սկզբում»,- ասել էր Մ. Հակոբյանը, նշելով, որ ինքը սաստել է Հրանտ Բագրատյանին, որպեսզի նա այդպիսի քայլ չանի և իր հեղինակած ծրագիրն իրեն չվերագրի։
Նախորդող հրապարակում ` ՀԱԿ-ին մեղադրում են գրագողության մեջ