30/01/2013 18:49
Հերքում. Հրայր Թովմասյանը թերթիկներ չի բաժանել
Այսօր մի շարք լրատվամիջոցներ անանուն նամակ են ստացել, թե իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից աշխատակիցներին ինչ-որ թերթիկներ են բաժանվել` իբր դրանք լրացնելու հանձնարարությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նախարար Հրայր Թովմասյանը նման անտրամաբանական և անիմաստ նախաձեռնությամբ հանդես չի եկել:
«Նախարարը մշտապես դատապարտել ու պայքարել է ցանկացած կեղծիքի դեմ, ուստի անտրամաբանական է, որ Հրայր Թովմասյան քաղաքացու, իրավաբանի, պաշտոնյայի մտքով անցներ ցուցակներ հավաքելու նման անիմաստ, աննպատակ նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը:
Ակնհայտ է, որ նամակի հեղինակի կամ հեղինակների նպատակը ընտրական գործընթացը վարկաբեկելն է:
Ցավոք սրտի, անանուն նամակներին ընթացք տալու միջոցով մեղավորներին բացահայտել հնարավոր չէ, սակայն եթե տվյալ անձը տեղեկացնի` իր ով լինելը և ում կողմից է նման հանձնարարություն ստացել, (եթե նրա ահազանգը իրականությանը համապատասխանում է) մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասված է Արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ: