30/01/2013 12:30
ՌԴ-ն դեմքով է շրջվում Կովկասում իր գլխավոր և ռազմավարական դաշնակցին՝ ՀՀ-ին
Ավարտվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան։ Իր պաշտոնում սա նրա առաջին արտասահմանյան այցն էր։ Ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ այցը եղել է պլանային, չնայած որ այն անցել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի սրման ֆոնին: Այս գրում է «Независимая газета» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաշտոնական Բաքվի այն հայտարարություններով, թե Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը հրաման են ստացել ոչնչացնել քաղաքացիական օդանավերը, որոնք «ապօրինի կերպով կմտնեն իր օդային տարածք»: «Այդ տարածք» ասելով Բաքուն նկատի ունի Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը։
Ռուս փորձագետների կարծիքով՝ Բաքվի նման մոտեցումը կարող է հանգեցնել պատերազմի։
Նման հնարավորություն Բաքվի մոտ առաջացել է այն բանից հետո, երբ 2010թ-ին Ռուսաստանն Իրանի փոխարեն Ադրբեջանին վաճառել է «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) 2 դիվիզիոն։
ՌԴ ՊՆ-ից աղբյուրները հայտնում են, որ Բաքվի և Մոսկվայի միջև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության շուրջ բանակցությունների տապալումից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է համարել Ադրբեջանին ԶՀՀ երրորդ դիվիզիոնը վաճառելու որոշումը։
ԶԼՄ-ները չեն հայտնել, թե Շոյգուն Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրե՞լ է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի պաշտոնական բացման հնարավորության հարցը։ Չնայած, ՌԴ ՊՆ աղբյուրները հայտնում են, որ ռուսական պատվիրակության ներկայացուցիչները ոչ պաշտոնական մակարդակով խորհուրդ են տվել նման բան չանել: Միևնույն ժամանակ բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի նախագծի դետալների քննարկմանը. այն պետք է ստորագրվի երկու երկրների ղեկավարների կողմից՝ մոտ ապագայում։
«Ռուսաստանը վերջապես դեմքով է շրջվում Հարավային Կովկասում իր գլխավոր և ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին։ Նրա ռազմական պոտենցիալի ամրապնդումը տարածաշրջանում կայունության երաշխիքն է։ Սա զսպող գործոն է Ադրբեջանի համար, որը ձգտում է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- այս մասին նշում է գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը, ով ծառայել է Անդրկովկասում ռուսական զորքի հրամանատարի տեղակալի պաշտոնում ավելի քան 5 տարի։
««Ֆավորիտ» ԶՀՀ վաճառքն Իրանի փոխարեն Ադրբեջանին քաղաքական հաշվարկ էր, ավելի ճիշտ՝ Դմիտրի Մեդվեդևի աշխարհաքաղաքական սխալը, որն ուղղել հնարավոր չէ»,- կարծում է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Լեոնիդ Իվաշովը։