01/02/2013 11:48
Ընտրությունները հետաձգելու ընթացակարգը պետք է նախաձեռնի Պարույր Հայրիկյանը
ՀՀ Սահմանադրության 52–րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։
Ի պատասխան հարցի, թե կա՞ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն, հրատապություն, սահմանադրական պահանջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախաձեռնած ընթացակարգի, ընտրությունների հետաձգման վերաբերյալ որոշում կայացնելու որևէ լիազորություն չունի:
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ուր նրան են այցելել ՀՀ նախագահի մի շարք թեկնածուներ և պետական այրեր, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև մեծ թվով քաղաքական գործիչներ:
«Նման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել միայն Պարույր Հայրիկյանը, եթե համարեց, որ իր համար առկա են անհաղթահարելի խոչընդոտներ։ Այսինքն՝ դա պրոցես է, որը պետք է նախաձեռնի, եթե դրա կարիքը զգաց, Պարույր Հայրիկյանը, որից հետո ՍԴ-ն պետք է կայացնի որոշում»,- ասել է Դավիթ Հարությունյանը: