01/02/2013 09:37
ՀՀ նախագահի` փետրվարի 18-ի ընտրությունները կարող են հետաձգվել
ՀՀ Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այս պահի դրությամբ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել:
Այդուհանդերձ` չի բացառվում, որ ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունները հետաձգվեն:
Սահմանադրության 52-րդ հոդվածի և Ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Ընտրական օրենսգրքով սահմանվում է նաև, որ Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար օրենսգրքով սահմանված կարգով:
Ընտրություների հետաձգման հավանականությունը պայմանավորված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակի հետ. եթե վերջինս արագ կազդուրվի և կարողանա շարունակել քարոզարշավը, ապա հետաձգելու անհրաժեշտություն չի լինի:
Պարույր Հայրիկյանի վրա կատարված հարձակումը ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարն արդեն իսկ գնահատել է որպես սադրանք` միտված վարկաբեկելու խաղաղ ընթացող ընտրությունները:
Աղբյուրը` «Փաստինֆո»: