01/02/2013 20:13
2013 թ.-ին պարարտանյութի պահանջարկը ավելացել է, դիզվառելիքինը` նվազել
Գյուղնախարարությունն այժմ հարցում է անցկացնում դիզվառելիք և ամոնիակային սելիտրա ներկրողների շրջանում` ավելի մատչելի գնում կատարելու համար: Aysor.am-ին ասաց Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը:
Այս տարվա պահանջարկը, ըստ մարզպետարաններից ստացված տվյալների, կազմել է 30 700 տոննա պարարտանյութ, 21 մլն 500 լիտր դիզվառելիք: 2012 թ.-ին ամոնյակային սելիտրան սուբսիդավորվել է 28 հազար տոննայի համար, իսկ դիզվառելիքը` 27 մլն լիտրից ավելի. Այս տարի պարարտանյութի պահանջարկն ավելացել է, իսկ դիզվառելիքինը` նվազել:
2012 թ.-ին պարարտանյութը սուբսիդավորվել է՝ 2000 դրամ մեկ պարկի, իսկ դիզվառելիքը` 90 դրամ՝ մեկ լիրտրի համար: 6 հազար դրամ մեկ պարկ պարարտանյութ է վաճառվել, 350 դրամ մեկ լիտր դիզվառելիքը: «Ֆլեշ» ընկերությունից գնվել է դիզվառելիքը, իսկ պարարտնայութը 2012 թ.-ի գարնանը` «Կոտայքի Բերրիություն» ընկերությունից, աշնան փուլում` նաև «Մասիսի բերրիություն»ընկերությունից:
Գ. Հարությունյանը փոխանցեց, որ սուբսիդավորման գումար նախատեսված է, սակայն դեռևս կոնկրետ հայտնի չէ, թե որքան. Արդեն այս ամսին հայտնի կդառնա գնվելիք պարարտանյութի և դիզվառելիքի մեծածախ գները:
Գյուղնախարարությունում տեղյակ չէին, թե արդյոք Վանաձորի քիմիական գործարանը արտադրանք տալիս է, թե ոչ, որը ինչպես հայտնի է պարարտանյութ է արտադրելու:
Թեև Գյուղնախարարությունը պարարտանյութի քանակ է ներկայացրել 30 700 տոննա, օրերս Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պարարտանյութ հողօգտագործողները կարող են ձեռք բերել որքան ցանկանան, սահամանափակումներ չկան:
Հ. Բերբերյանի այս հայտարարությանը Գևորգ Հարությունյանն արձագանքեց, որ նման բան չի կարող լինել, կա որոշակի քանակություն և անսահամանփակ լինել չի կարող: