01/02/2013 19:28
ՀԴԿ. Փամփուշտն ուղղված էր ՀՀ միջազգային հեղինակության խարխլմանը
Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն: Հայտարարությունում կուսակցությունն իր զայրույթն է հայտնում ականավոր գործիչ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ.
«Միայն հայ ժողովրդի և հայոց պետականության թշնամին կարող էր կազմակերպել և կատարել այսօրինակ ստոր և սադրիչ արարքը:
Կասկածից վեր է, որ այս էլ որերորդ անգամ մեր անկախ պետության օրոք նպատակ էր դրված ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը և հրահրել խառնաշփոթ, բնական հունից հանելու նախագահական ընտրությունների ընթացքը:
Բարձր գնահատելով մեր քաղաքական գործընկերոջ` Պարույր Հայրիկյանի ներդրումը պետականաշինության, ժողովրդավարացման ասպարեզում գտնում ենք, որ նրա դեմ արձակված փամփուշտն ուղղված էր նաև Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը խարխլելու նպատակով:
Դատապարտելով կատարվածը` համոզմունք ենք հայտնում, որ ՀՀ իշխանությունները, իրավապահ մարմինները բոլոր հնարավոր միջոցները կօգտագործեն զազրելի հանցագործությունը շուտափույթ բացահայտելու, կազմակերպիչներին ու կատարողին խստագույնս պատժելու համար»,- ասվում է ՀԴԿ հայտարարության մեջ: