05/02/2013 10:15
Սուբսիդիան բաժին է ընկնում վճարունակների՞ն
Արդեն երկրորդ տարին է ՀՀ կառավարությունը սուբսիդիա է տրամադրում հայրենի հողօգտագործողներին` դիզվառելիքի և պարարտանյութի տեսքով:
Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանը Aysor.am-ին հաղորդեց, որ այս տարի մարզը ներկայացրել է հողօգտագործողների պահանջարկը` 4.500 տոննա ամոնիակային սելիտրայի և 500 տոննա կարբոնիտի, նաև շուրջ 2000 տոննա դիզվառելիքի համար: 2012թ.-ին մարզի պահանջարկը կազմել է 4.500 տոննա պարարտանյութ և 2500 տոննա դիզվառելիք:
Ա. Այվազյանը նշեց, որ 2012թ.-ին դիզվառելիքը չկարողացան իրացնել, այս տարի գարնանը դիզվառելիքի պահանջարկը ավելի պակաս է ներկայացվել, տարբերությունը կստանան աշնանը:
Նա նաև հաղորդեց, որ պարարտանյութից դժգոհություններ չեն եղել, իսկ թե պարարտանյութը բավարարում է մարզի պահանջարկը, նշեց, որ բավարարում է միայն վճարունակ մասի պահանջարկը, իսկ ընդհանրապես պահանջարկը շատ մեծ է: Համայնքի ղեկավարները սկսել են ցուցակարգել և գումարները հավաքել:
Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ այս տարի մարզի պահանջարկը կազմել է 1 մլն 800 լ դիզվառելիք և 4.400 տոննա պարարտանյութ, իսկ 2012թ.-ի գարնանը պահանջարկը կազմել է 3.600 տոննա պարարտանյութ և 1մլն 500 լիտր դիզվառելիք:
Նա վստահեցրեց, որ մարզում գնողունակ են և ներկայացրել են այնքան պահանջարկ, որքան անհրաժեշտ է, իսկ պարարտանյութի որակից դժգոհողների համար ասաց, որ կան մարդիկ, որ միշտ էլ դժգոհ են:
Նշենք, որ Արարատի մարզում մարդկանց շրջանում շրջանառավում է այն տեսակետը, որ պարարտանյութից օգտվում են հատկապես խանութների տերերը, ովքեր, ի տարբերություն գարնանը գումարներ չունեցող գյուղացու, գումար ունեն. էժան ձեռք է բերում պարարտանյութը և շուկայական գնով իրացնում խանութներում. Անգամ տեղափոխման ծախսերը պետք չէ հոգալ, այն հոգում է պետությունը: