08/02/2013 19:46
Ա. Հարությունյանի բնակարանները գրավադրված են. Պարտքատերերը դեռ կսպասեն
Ռուսական հայտնի ասածվացք կա. «Եթե որևէ մեկին պարտք ես, դա արդեն պարտատիրոջ խնդիրն է»: ՀՀ նախկին թեկնածու Արամ Հարությունյանի դեպքում նման խնդիրներ ունեցողները շատ են. Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ նրա դեմ երեք հայց կա ներկայացված:
Գագիկ Հակոբյանն ընդդեմ Արամ Հարությունյանի գործով հայցադիմումը ընդունվել է 2012 մարտի 29-ին: Հայցվորը պահանջում է Ա. Հարությունյանից բռնագանձել 5.835.000 դրամ: Գործի վարույթը կասեցված է մինչև դատաձայնագրառման փորձաքննության եզրակացությունը ստանալը:
Մյուս հայցով, Ռազմիկ Սարգսյանն ընդդեմ Ա. Հարությունյանի պահանջում է բռնագանձել փոխառությամբ տրված 5000 ԱՄՆ դոլարին ու 4000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ, 1200000 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսները:
Եվս մեկ հայցադիմում կա ՀՀ ոստիկանությունը Ա. Հարությունյանի դեմ` գումարի բռնագանձման պահանջով:
Ա. Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է, բացի այդ, դժվարացավ ընդհանրապես որևէ գործի մասով հանգամանքներ հիշել: «Դատական գործընթացները այժմ գնում են, կան թյուրիմացություններ, և այնպես չի, որ այն ինչ-որ գրված է, հաստատ է: Ես լավություն անող եմ եղել, իմ ընկերոջ համար է եղել, ինձ են վստահել: Դատական գաղտնիք չեմ ուզում ասել, սակայն գործը այն փուլում է, որ հնարավոր է, հաշտեցման եզրեր գտնվեն»,- ասաց նա:
ՀՀ ոստիկանության պահանջի մասին Ա. Հարությունյանը ընդհանրապես տեղյակ չէր:
Դիտարկմանը, թե Aysor.am-ի տվյալներով նախին թեկնածուն նաև գրավադրված անշարժ գույք ունի՝ 2 բնակարան, որոնք, ի դեպ, ներառված էին նախկին թեկնածուի՝ ԿԸՀ ներկայացված հայտարարագրի մեջ, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Այո, մեկը հիփոթեքով է ձևակերպված, մյուսը գրավադրված է»,- ասաց նա:
Ա. Հարությունյանը այսօր ԿԸՀ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: ՀՀ ԿԸՀ-ից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ նրա կողմից մուծված ընտրագրավը չի վերադարձվելու, ինչպես նաև՝ ինքնաբացարկ հայտնելու դեպքում նա պետք է վերադարձնի իրեն տրամադրված անվճար եթերաժամանակի ու դահլիճների համար պետության կողմից հատկացված գումարը: