08/02/2013 18:10
Վազգեն Խաչիկյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել է
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Վ. Խաչիկյանի և ևս 12 ծառայողների մասով նախաքննությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և միաժամանակ դատարան ներկայացրել հայցադիմում` պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր կողմից ղեկավարված ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:
Նախաքննության տվյալներով` կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով նրանք անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի` առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 260.956.681 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ` պարզվել է նաև, որ Վ.Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Առանձնապես խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարների հափշտակություն կատարելու դիտավորությամբ Վ. Խաչիկյանը 2006թ. սկզբներին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Ա.Աբրահամյանին, տեղեկատվական և վերլուծական վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վ.Խաչատրյանին, Երևան քաղաքի վճարային ծառայության պետ Հ.Գրիգորյանին և վճարային ծառայության վճարային խմբի տեսուչ-վճարող Վ.Գևորգյանին:
Խմբի` վերը նշված անդամները Վ. Խաչիկյանի կազմակերպմամբ նախապես մանրակրկիտ պայմանավորվել են ծրագրավորված հանցագործության կատարման հանգամանքների վերաբերյալ, կատարվել է խմբի անդամների դերաբաշխում:
Առանձին դրվագներով խմբի կազմում ընդգրկվել են նաև «Արաբկիրի» տարածքային բաժնի պետ Հ.Հովհաննիսյանը, «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետ Ա.Մարտիրոսյանը, «Էրեբունի և Նուբարաշենի» տարածքային բաժնի պետ Ս.Սարգսյանը և «Շենգավիթի» տարածքային բաժնի պետ Ս.Էլբակյանը, բաժնի պետի տեղակալներ Ա.Սուքիասյանը, Հ.Մարտիրոսյանը, օպերատոր Հ.Դանիելյանը, Վ.Խաչատրյանի հարազատներ Ա.Խաչատրյանը և Բ.Մուրադյանը, ովքեր ունեցել են հափշտակության դիտավորությամբ տևական ժամանակով կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների տվյալները ճշտելու, վճարման հիմք հանդիսացող պաշտոնեական փաստաթղթերում` դիմումներում և վճարային ցուցակներում, կեղծ տեղեկություններ մտցնելու և ստորագրություններ կեղծելու իրենց դերակատարումները:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա.
Վ.Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով,
Վ.Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
Ա.Աբրահամյանին, Հ.Գրիգորյանին, Վ.Խաչատրյանին, Ս.Էլբակյանին, Հ.Հովհաննիսյանին, Ս.Սարգսյանին, Ա.Սուքիասյանին և Հ.Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
Հ.Դանիելյանին, Բ.Մուրադյանին և Ա.Խաչատրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասութան առաջին ատյանի դատարան:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը նաև հայցադիմում է ներկայացրել դատարան` քրեական գործով մեղադրյալներ Վ.Խաչիկյանից, Ա.Աբրահամյանից, Հ.Գրիգորյանից, Վ.Խաչատրյանից, Ս.Էլբակյանից, Հ.Հովհաննիսյանից, Ս.Սարգսյանից, Ա.Սուքիասյանից, Հ.Մարտիրոսյանից, Վ.Գևորգյանից, Հ.Դանիելյանից, Բ.Մուրադյանից և Ա.Խաչատրյանից հօգուտ պետական բյուջեի ընդհանուր` 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջի մասին`չվերականգնված վնասի մասով: