09/02/2013 09:48
Հայրիկյանի գործով ձերբակալվածներից մեկը Կարեն Բաբայանի բարեկամն է
«Հայկական ժամանակն» անդրադարձել է Հայրիկյանի գործով որպես կասկածյալ երկու ձերբակալվածներին: Թերթը գրել է. «Օրվա վերջում էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, թե մահափորձի իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի` Շերիֆի, մորաքրոջ որդին է»: Սույն տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է Կարեն Բաբայանին: Նա նշել է, որ տվյալ անձն իր հորաքրոջ կողմից ինչ-որ հեռավոր ազգական է գալիս և նրան վերջին անգամ երևի մի 15-20 տարի առաջ է տեսել:
«Ես էլ եմ արդեն մոռացել, որովհետև պիտի ծնողներիս կոնկրետ հարցնեմ, հորաքրոջս թոռան խորթ տղան է, թե չգիտեմ ինչը: Ես նորից եմ ասում, ազնվությամբ, չեմ էլ վերհիշում, 15-20 տարի առաջ տեսած լինեմ, թե չլինեմ: Դա թաքցնելու թեմա չի մեր փոքր Հայաստանում, տենց բաները շատ արագ են իմացվելու»: Իսկ հարցին , թե` «տեղյակ չե՞ք եղել ոչ մի բանի մասին», նա պատասխանել է. «Ես դա համարում եմ դավաճանություն մեր ազգի նկատմամբ, ուրիշ ոչ մի բան: Իսկ մենք դավաճանների հետ ընդհանրապես չենք շփվում»:
Թերթը հրապարակման մեջ նշում է, թե ըստ որոշ աղբյուրների, ձերբակալվածները Մոլդովայի քաղաքացիներ են: