11/02/2013 16:11
ՎԶԵԲ-ը Հայաստանին 45 մլն դոլար փոխառություն կտա
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին այսօր ստորագրեցին «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» փոխառության համաձայնագիրը, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական համայնքների շուկաների և ծառայությունների հասանելիութունը, ինչպես նաև` ամրապնդել ՀՀ տրասպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու կենսական նշանակության ճանապարհային ցանցը:
Մասնավորապես նախատեսվում է իրականացնել կենսական նշանակության ճանապարհային ցանցի` մոտ 147 կմ երկարությամբ ընտրված ճանապարհների բարելավման աշխատանքներ, մոտ 23 կմ երկարությամբ ընտրված կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգում և ընթացիկ պահպանություն, ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տվյալների բազայի ձեռքբերում և ներդրում, ճանապարհային երթևկության անվտանգության ծրագրի իրականացում:
Փոխառությունը տրամադրվում է 25 տարվա մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ, փոփոխվող տոկոսադրույքով (6-ամսյա LIBOR+փոփոխական սփռվածք (spread))` համաձայն ՎԶՄԲ-ի ստանդարտ պայմանների:
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017 թ. հունիսի 30-ը: