12/02/2013 18:00
«Բացելուց առաջ պետք է թափահարել թանաքանյութը, որ անմիջապես չանհետանա»
Այսօր ԿԸՀ անդամներն ընտրությունների օրն օգտագործվելիք թանաքանյութը փորձարկեցին անվավեր անձնագրերի վրա։ Այս մասին հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Թանաքանյութն, ինչպես 2012թ. խորհրդարանի ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ ներկրվել է Մեծ Բրիտանիայից, սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ այն այս անգամ անձնարգրերից անմիջապես չի անհետանա, կպահպանվի 24 ժամ:
Մուկուչյանը վստահեցնում է, որ թանաքանյութն օգտագործելու գլխավոր պայմանն այն է, որ այն նախքան բացելը պետք է լավ թափահարել։ Նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների համար Հայաստան է ներկրվել 2200 սրվակ թանաքանյութ: Մուկուչյանի կարծիքով՝ սա լիովին բավարար է։
«Մեկ սրվակը լրիվ բավականեցնում է մեկ ընտրատեղամասի համար, կլինեն տեղամասային Ընտրական հանձնաժողովներ, որոնց կտրամադրենք երկու սրվակ, նկատի ունենալով, որ այդ տեղամասերում լինում են շրջիկ արկղեր»,- ասաց Մուկուչյանը:
Մինչև փետրվարի 15-ը թանաքանյութը կպահպանվի կապարակնքված դռների հետևում, որից հետո կբաժնվի ընտրական տեղամասերին: