12/02/2013 13:23
Վարդան Սեդրակյան. Դիտորդների հեռանալուց հետո ինձ կձերբակալեն
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարեց, թե որոշ մարդիկ փորձում են ֆոն ստեղծել` Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով իրեն մեղադրելու համար: Նախագահի թեկնածուն նշեց, թե չգիտի, թե ովքեր կարող են նման բան անել:
Այսօր կայացած ասուլիսում նախագահի թեկնածուն կրկնեց հեռուստաընկերություններց մեկի եթերում հնչեցրած այն միտքը, թե ընտրությունից հետո, երբ դիտորդները գնան` իրեն կմեղադրեն ու կձերբակալեն: Նախագահի թեկնածուն դրանում խորապես համոզված է:
Սեդրակյանը բացատրում է, որ երբ հայտարարեց իր առաջադրման մասին, լրագրողները սկսեցին հետաքրքրվել, թե ինքն ինչ կապ է ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ: Թեկնածուն կարծում է, թե իրեն նաև մարտի 1-ի իրադարձությունների հետ կկապեն:
Անդրադառնալով Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվածների հետ իր ծանոթությանը, Վարդան Սեդրակյանն ասաց. «Նրանցից մեկի տունը մեր տան դիմաց է: Այդ մարդը արհեստավոր է: Մյուս ձերբակալվածը թմրանյութերի վաճառքով է զբաղվում, ծանոթացել էի անցած տարի: Էնքան անճար եմ, որ պետք է նարկոմանին բան հանձնարարեմ»: