13/02/2013 13:49
«Յունիգրաֆ իքսը» հերթական անգամ հաղթել է, ՏՄՊՊՀ-ն քննարկում է
«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը և նրա համախոհները դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` Քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման համար հայտարարվող մրցույթի պայմանների, մրցութային փաթեթների ուսումնասիրության առաջարկով: Դիմումում նշվում է նաև, որ 2006թ.-ից մրցույթը հաղթում է «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը:
Aysor.am-ի հետ զրույցում, դիմումատուներից անասնաբույժ Արման Էլբակյյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ում քննարկվել է դիմումը, սակայն նիստին ոչ քաղաքապետարանից և ոչ էլ «Յունիգրաֆ իքսից» ոչ ոք ներկա չէր, իրենք դիտարկումներ են ներկայացրել մրցույթի պայմանների ոչ մրցակցային որոշ դրույթների վերաբերյալ, մասնավորապես, երբ պահանջվում է երեք տարվա փորձ:
Նրա խոսքով, թեև այդ պահանջը համապատասխանում է «Գնումների մասին» օրենքին, սակայն ոլորտը սպեցիֆիկ է և փաստացի արգելք է հանդիսանում, որ այլ կազմակերպություններ ևս մասնակցեն մրցույթին:
Ա. Էլբակյանը հաղորդեց, որ նիստում նշվել է, որ օրենսդրական հակասություն կա և որոշվել է բարձրացնել նաև օրենսդրական փոփոխությունների հարցը: Դիմումատուները նաև նշել են, որ Երևանում անհասկանալի կերպով հաշվառված է 46 հազար շան գլխաքանակը, որն, ըստ նրանց, որևէ կերպ հիմնավորված չէ և դա ևս ազդում է մրցույթի մասնակից կազմակերպությունների մրցակցության վրա:
«Որևէ հիմանվորում չկա, որ Երևանում այդքան շուն կա, և մրցույթի պայմաններից այս դրույթը մրցույթի պահանջներն իրականացնելն անհնարին է դարձնում: Դա մրցակցային պայմանների խախտում է»,- ասաց Արման Էլբակյանը:
Նշանակված է ևս մեկ նիստ, ՏՄՊՊՀ-ն, նրա փոխանցմամբ, պահանջել է քաղաքապետարանից 46 հազար շան վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն:
Արման Էլբակյանը նաև հաղորդեց, որ «Յունիգրաֆ իքսը» հերթական անգամ շահել է Երևանի քաղաքապետարանի մայրաքաղաքի շների վնասազերծման մրցույթը:
Նշենք, որ քաղաքապետարանը 220 մլն դրամ գումար է հատկացնում Երևանում 46 հազար շան վնասազերծման համար, ոլորտի ներկայացուցիչները գտնում են, որ Երևանում շների թվաքանակը այդքան չէ, իսկ եթե այդքան չէ, նշանակում է հատկացված 220 մլն դրամը, ըստ ամենայնի, չի օգտագործվում:
Նախորդող հրապարակում՝ Շներին հաշվառելու ժամանակ չունեն, իսկ 220 մլն դրամ` խնդրեմ
Երևանում կա 46 հազար շուն. Դա երկու անգամ քիչ է մարդկանց թվից