13/02/2013 09:15
Սև ամպեր են կուտակվել Վարդան Սեդրակյանի գլխին
«Ժողովուրդ»-ը գրում է. «Սև ամպեր են կուտակվել ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ կամ ճարտարապետ-շինարար Վարդան Սեդրակյանի գլխին: Սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից նրա անցումը դեպի շքեղ կյանք` մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից:
Պարույր Հայրիկյանի կրակոցների գործով Սեդրակյանի հարևաններին ձերբակալելուց հետո, բնականաբար, ԱԱԾ հարցաքննության կկանչվի նաև էպոսագետը: Բայց գուցե ընտրություններից հետո:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներին առավել շատ հետաքրքրում են նախագահի թեկնածուի ունեցվածքի աղբյուրները, որի համար կպահանջվի անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել: Չի բացառվում` հանցագործ հարևաններ ունենալու էպոսագետի մեղքին գումարվի նաև փողերի լվացման մեղադրանք: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է»: