14/02/2013 09:36
Բագրատյանը խանգարել է Զուրաբյանին առաջադրվել նախագահական ընտրություններում
Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին, որում նա տեսակետ էր հայտնել, որ «մարգինալ ուժերի հույսին մնացած Հրանտ Բագրատյանն իր օրերում չի մասնակցել ՀԱԿ քաղխորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր նախագահական ընտրություններին ՀԱԿ մասնակցության հարցը, ինքնուրույն որոշում է կայացրել. թող գար, ջարդեր այդ մթնոլորտը՝ սեփական արգումենտներով»` «Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ նախագահական ընտրություններին մասնակցության հարցը ՀԱԿ քաղխորհրդում քննարկվել է ևս երկու անգամ, որոնց ժամանակ Հրանտ Բագրատյանը տեղեկացրել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը, ինքն առաջադրվելու է:
Առարկություն գրեթե չի եղել, ասել են՝ «մի երկու օրից կերևա, թե ինչ ենք անելու»: Բագրատյանն այդ մասին տետ ա տետ տեղեկացրել է նաև Տեր-Պետրոսյանին: Ապա ստիպված է եղել երկու անգամ հետաձգել իր կուսակցության համագումարը, որից հետո համագումար է հրավիրել, առաջադրվել է որպես թեկնածու՝ պայմանով, որ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում կհանի թեկնածությունը:
«Բանն այն է, որ Տեր-Պետրոսյանն ու Զուրաբյանն ունեին երկու սցենար՝ պաշտպանել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, նրա չառաջադրման դեպքում էլ ինքը՝ Լևոն Զուրաբյանն էր ցանկանում առաջադրվել, ինչին էլ խանգարեց Բագրատյանը՝ «հաստատելով» Օսկանյանի հետ գաղտնազրույցի զուրաբյանական թեզը, որ Բագրատյանը «գծի» մեջ չէ»,- ասել է թերթի ՀԱԿ զրուցակիցը: