18/02/2013 15:13
Դատախազ. Ընտրախախտումների վերաբերյալ 88 հաղորդում է ստացվել
Գլխավոր դատախազի հրամանով ընտրություններին ընդառաջ ստեղծվել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբ: Րոպեներ առաջ ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպեց խմբի անդամ, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազ Արթուր Դավթյանը:
Դավթյանի խոսքով՝ մինչև ընտրությունների օրը գրանցվել է ընտրախախտումների վերաբերյալ 88 հաղորդում: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա Դավթյանի խոսքով՝ ստանում են տարբեր ու բազմաբնույթ ընտրախախտումների վերաբերյալ տվյալներ, որոնց աշխատանքային խումբը հնարավորինս օպերատիվ արձագանքում է:
Դատախազի խոսքով՝ մինչ այս պահը հիմնականում հաղորդումներ են ստացել ընտրակաշառքների ու վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:
Աշխատանքային խումբը չի բավարարվել միայն քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից ստացած ահազանգերով:
Օրվա վերաբերյալ ավելի մանրամասն հայտարարությամբ դատախազությունը հանդես կգա երեկոյան: