19/02/2013 14:00
ԶԼՄ-ների մշտադիտարկում. Հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար
«Որևէ խտրականություն այս ընտրություններում թեկնածուներից և ոչ մեկի նկատմամբ չի արձանագրվել, հավասար հնարավորություններ էին ստեղծվել բոլոր թեկնածուների համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Հայաստանի 2013թ.-ի նախագահական ընտրությունների մշտադիտարկման արդյունքները, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը եթերում ավելի շատ ներկայանում էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, քան որպես ՀՀ գործող նախագահ:
«Այս ընտրություններում շատ քիչ էին թեկնածուների միջև բանավեճերը. կարելի է ասել, որ բանավեճերի առումով մենք նույնիսկ նահանջ ենք արձանագրել»,-նշեց Բ. Նավասարդյանը:
Բ. Նավասարդյանի խոսքերով, նախագահական ընտրություններում տեղի չունեցավ նախագահի թեկնածուների ծրագրերի համադրումներ, ծրագրային բանավեճեր, իսկ հասարակությունը ընտրություն կատարեց` ելնելով էմոցիաներից կամ այս կամ այն թեկնածուի նկատմամբ համակրանքից ու հակակրանքից:
Նշենք, որ մշտադիտարկման են ենթարկվել 9 հեռարձակող ԶԼՄ-ներ: Մշտադիտարկումն իրականացվել է 3 փուլով`առաջին փուլը սկսվել էր 2012թ.-ի հոկտեմբերի 1-ից և ամբողջ մշտադիտարկումն ավարտվել է փետրվարի 16-ին: