23/02/2013 13:10
Գ. Սուջյան. Քիչ հավանական է, որ մենակ մասնակցեմ «Եվրատեսիլ 2013»-ին
«Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանի մասնակցի երգը կորոշվի մարտի 2-ին` Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հեռուստադիտողների քվեարկության միջոցով: Փետրվարի 20-ին ավարտվել է երգերի հայտերի ընդունումը: «Եվրատեսիլ» նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ իրենք ստացել են 70-ից ավելի հայտեր` Բելգիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից և մի շարք այլ երկրներից, բայց տեղացի երաժիշտների ներկայացրած գործերը որակապես ավելի լավն են եղել:
Մրցույթում Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընտրված 4 երգերն էլ ֆավորիտ են իր համար:
«Շատ քիչ հավանական է, որ ես մենակ մասնակցեմ «Եվրատեսիլին»: Այժմ ամբողջ օրը զբաղված եմ մրցույթի նախապատրաստական աշխատանքներով, և առաջիկա ծրագրերի վերաբերյալ որևէ հստակություն չկա»,- ասաց նա:
Գ. Գասպարյանը նշել էր, որ երգի ընտրությունից է կախված «Դորիանս» ռոք-խումբը մրցույթին կներկայանա ամբողջ կազմով, թե` միայն Գոռ Սուջյանը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գ. Սուջյանը նշեց, որ շատ քիչ է հավանականությունը, որ ինքը մենակ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում»:
Նշենք, որ այս անգամ քվեարկության ժամանակ չեն հրապարակվի երգերի հեղինակների անունները, որպեսզի ընտրեն երգը, ոչ թե հեղինակին:
Հայաստանյան երգի ընտրության օրը որպես հյուր ներկա կլինի «Եվրատեսիլ 2013»-ի Մալթայի ներկայացուցիչը, ինչպես նաև անակնկալ են պատրաստել «Compass band»-ի հետ: