23/02/2013 09:54
Րաֆֆին էլ բռնեց թավշյա հեղափոխության ճանապարհը
Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքին, «Հրապարակը» գրել է. «Մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ երեկ երեկոյան հավաքվել էին Ազատության հրապարակում` լսելու Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման մանրամասները, որի մասին նախօրեին նախագահի նստավայրից դուրս գալուց հետո ժողովրդին խոստացել էր պատմել «Ժառանգության» առաջնորդը: Մարդիկ անհամբեր էին` իմանալու, թե ինչ են խոսել գործող նախագահն ու իրենց թեկնածուն, ում համարում են ընտրված, արդյո՞ք Սերժ Սարգսյանը համաձայնել է խաղաղ հանձնել իշխանությունը, եթե ոչ, ապա որո՞նք են Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերը: Սակայն մինչ Րաֆֆին կխոսեր, միտինգավորներին զբաղեցրին երկրի իրավիճակի ու նրա փրկության հնարավոր ելքերի մասին ելույթներով, որոնք հրապարակում գտնվողներին ավելի վճռականություն ու պայքարի կամք էին հաղորդում:
2008 թվականին ձևավորված համաժողովրդական շարժման առանցքային ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի ելույթից, ում էմոցիոնալ խոսքերն ու կոչերը Րաֆֆու շարժմանը Լևոնի միտինգների շունչն էին հաղորդում, զգացվեց, որ թավշյա հեղափոխության ճանապարհով են գնալու` մարտի մեկերից խուսափելու նպատակով: Եվ այդ պատճառով նախ մարդկանց գիտակցության մեջ պետք է տեղի ունենա այդ հեղափոխությունը և Ազատության հրապարակում: Թավշյա հեղափոխությանը միանալու էր եկել նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրեց և ոչ մեկին չսատարեց, միայն հետընտրական շրջանում, երբ ժողովրդական ընդվզում նկատվեց, սկսեց կենդանության նշաններ ցույց տալ»: