24/02/2013 12:12
Հիշեցում. Ապօրինի հավաքների անցկացումը կարող է հանգեցնել բախումներ
ՀՀ Ոստիկանությունը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից այսօր մարզային մի քանի բնակավայրերում կազմակերպված հանրահավաքներին, ինչպես նաև` վաղը Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին, տարածել է հայտարարություն:
«ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ հիշեցրել է պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմից կազմակերպվող հավաքների մասնակիցներին, որ որևէ պետությունում, այդ թվում՝ Հայաստանում, չկա և չի կարող լինել իրավունք՝ իրազեկում պահանջող հավաք անցկացնել առանց իրազեկման, հավաքվել այնտեղ, որտեղ կամենաս, «հրամաններ» տալ ոստիկանության ծառայողներին՝ չունենալով դրա լիազորությունը: Ցավոք, այս նախազգուշացումները դրանց հասցեատերերը չեն ընկալել:
Արդեն մի քանի տարի է, ինչ ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը՝ ապահովելու հավաքների լիարժեք ազատությունը Սահմանադրության և օրենքների շրջանակներում, ինչպես և արմատավորելու համերաշխության և փոխգործակցության մթնոլորտ հավաքների մասնակիցների և ոստիկանության միջև: Այս միջավայրն անհրաժեշտ է ոչ թե սոսկ ոստիկանությանը կամ իշխանությանը, այլ հենց մեր հասարակությանը, որովհետև ապահովում է անվտանգություն և կայունություն, որոնք անհրաժեշտ են խաղաղ և ապահով կյանքի ու զարգացման համար:
Փետրվարի 23-ին ՀՀ նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանը առանց իրազեկման հավաքներ է անցկացրել Աշտարակ, Ապարան, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում: Գյումրիում շարունակվում է: Վաղը, կրկին առանց իրազեկման, հավաք է կազմակերպվելու Երևանի Ազատության հրապարակում:
ՀՀ ոստիկանությունը շեշտում է, որ ապօրինի հավաքների անցկացումը կարող է հանգեցնել անկառավարելիության, իրավունքների չարաշահման, բախումների, տարաբնույթ իրավախախտումների, երբ այլևս հնարավոր չի լինի ապահովել դրանց բնականոն և խաղաղ ընթացքը:
Հաշվի առնելով, որ Ր. Հովհաննիսյանի կողմից կազմակերպված հավաքներն ուղղակիորեն հակասության մեջ են մտնում հավաքների ազատության հետ, ՀՀ ոստիկանությունն անթույլատրելի զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է համարում իրազեկել Ր. Հովհաննիսյանին զանգվածների կառավարման մեթոդաբանությունը՝ նկատի ունենալով, որ անօրինական հավաքները, իրավապահ մարմիններին չենթարկվելու ապօրինի կոչերը և հրահանգները, այլ ապօրինությունները հավաքների ժամանակ կարող են խթան հանդիսանալ բազում այլ ապօրինությունների համար և հանգեցնել անդառնալի հետևանքների՝ զրկելով ոստիկանությանը հավաքների խաղաղ ընթացքն ու հասարակական կարգը պահպանելու հնարավորությունից: Այդ նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ Ր. Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների հետ քննարկելու վերոհիշյալ հարցերը` տեղեկացնելով նրանց իրենց այդ բնույթի գործողությունների հնարավոր հետևանքների մասին»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ: