25/02/2013 18:42
Րաֆֆի Հովհաննիսյան. Պաշտոնի մասին որևէ խոսք չի եղել
Ես մի բան հստակ եմ ասում՝ իմ և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ ո՛չ իմ, ո՛չ իր կողմից որևէ պաշտոնի մասին որևէ խոսք չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ասուլիսի սկզբում Հովհաննիսյանը նախ անդրադարձավ իր և Սերժ Սարգսյանի հանդիպման ձայնագրությանը. «Նա ինձ ասաց՝ մենք երկուսով ենք և կարող ենք ազատ խոսել, եթե Սերժ Սարգսյանը սուտ խոսեց և եթե կա հանդիպման ձայնագրությունը՝ պահանջում եմ հենց հիմա հրապարակել այն: Կարող եմ ասել այն, ինչ կլինի այդ ձայնագրությունում և որը հնարավոր է կոնտեքստից կտրել. ասացի՝ հարգում եմ ձեր հետագիծը, բայց դուք չեք հաղթել ու շամպայնը ժամանակից շուտ եք խմել, նա ասաց, որ ես այսօր թիվ երկու քաղաքական գործիչ եմ, մերժեցի՝ ասացի շարքային քաղաքացի եմ:
Նա ասաց՝ պետք է շարունակեմ պայքարս 2017-18 թթ., նույնպես մերժեցի: Նրա ներկայությամբ գնահատեցի ՀՀ մամուլի բացությունը ու հիմա կասեմ մի բան էլ՝ ես վստահ եմ, որ մեր պետական մարմինների տիրապետության տակ կան Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի հետ կապված ձայնագրություններ, թող դրանք էլ բացեն: 101 «Վոթերգեյթ» կա Հայաստանում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանին ուղարկված շնորհավորական ուղերձներին. «Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, Օլանդը, նաև՝ ԱՄՆ որևէ ներկայացուցիչ, Հայաստանի երրորդ, բայց նախկին նախագահին կարող են ինչ-որ թուղթ ուղղարկել, քանի որ ամեն մեկն ունի իր շահը: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահից, երկու կաթողիկոսից սկսած՝ զղջալու են, քանի որ Հայաստանի քաղաքացին է տիրակալ իր երկրի: Ով ուզում է լինի, ռազմական գործընկեր և այլոք: Եվ նրանք, ովքեր Կոսովո են ճանաչում, Աբխազիան և Օսեթիան, այսօր հանդգնում են ճանաչել ոչ լեգիտիմ իշխանություն, որը հեգնում է ժողովդրի կամքը: Բոլորը հակաժողովրդական չափանիշով են առաջնորդում: Ով չճանաչեց ժողովրդի իրավունքը՝ պիտի ինքնաբացարկ տա, նրանք բոլորը զղջալու են, այդ թվում Սերժ Սարգսյանը: Մնում է ինքնաբացրկի ճանապարհը»:
Այն հարցին, թե, վերջիվերջո, ի՞նչ ծրագիր ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, նա պատասխանեց. «Ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը չհիասթափվի, ես նրանց կողքին եմ, մենք ունենք 5 օր՝ ՍԴ-ում ընտրությունների վերջնական արդյունքները բողոքարկելու համար: Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանն ինձ խորհուրդ է տալիս պարտադիր բողոքարկել, բայց մենք դեռ կքննարկենք, եթե դիմենք, ուզում եմ ասել, որ ՍԴ-ի անդամները կունենան մի վերջին հնարավորություն՝ սահմանադրական իրավունքի իրացումը ապահովելու համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է նման այսօրվա սցենարը 2008 թ.-ին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Սցենարները նման չեն: Ես մի վերջին բան կասեմ՝ իմ կյանքի գնով էլ լինի, թույլ չեմ տա, որ անգամ մի կաթիլ արյուն թափվի»: