26/02/2013 15:43
Հ. Թովմասյան. Սադրանք հրահրող արկածախնդրի վրայից պետք է հայի անունը հանել
Միշտ կարևոր է, թե ինչի՞ն է ծառայում հանրահավաքը: Ամբողջ աշխարհում հանրահավաքներ անցկացվում են այս կամ այն քաղաքական գործընթացի վերաբերյալ հրապարակայնորեն քաղաքական անհամաձայնություն հայտնելու համար, այլ նպատակ չի հետապնդում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառանալով նախագահական ընտրություններից հետո կազմակերպվող հետընտրական ակցիաներին, հանրահավաքներին, այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Յուրաքանչյուր ոք պարտավոր է հանրահավաքի ժամանակ լսել ոստիկանի օրինական պահանջին: Իր հերթին պետությունն ու ոստիկանությունն իրավունք չունեն բռնի ուժ կիրառել հանրահավաքի մասնակիցների վրա»,- ասաց նախարարը:
Հարցին, թե հանրահավաքի ժամանակ բացառո՞ւմ է սադրանքները, Հ. Թովմասյանն ասաց, թե չի կարելի որևէ բան, այդ թվում՝ ադրանքը բացառել, սակայն. «Սադրանք հրահրող արկածախնդրի վրայից պետք է հայի անունը հանել»:
Եզրափակելով խոսքը՝ նախարարը վստահությամբ ասաց, որ ոստիկանությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի սադրանքային իրավիճակները բացառվեն. «Քանի որ այդքան մարդ՝ տաբեր կրթությամբ, տարբեր աշխարհայացքով, տարբեր նպատակներով, հավաքվում եմ մեկ վայրում, և չի բացառվում, որ կարող են նաև միջադեպեր լինել»: