27/02/2013 17:06
«Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ 2009թ. սկսած աննախադեպ աշխատանք է տարվում»
«Ադրբեջանը աշխարհում միակ երկիրն է, որը բացահայտ նեոնացիստական ու ռասիստական քարոզչություն է անում, և ՄԱԿ-ում Արցախի խնդրի կարգավորման մասին խոսելիս մարդատյաց ձևակերպումներ է իրեն թույլ տալիս, որոնք ակնհայտորեն հակասում են միջազգային իրավունքի դրույթներին»,- այսօր Սումգայիթյան ողբերգության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Ադրբեջանը մինչև այսօր չի կարողանում գտնել այն ձևաչափը, որով ուղղակի կհստակեցներ իր դիրքորոշումը Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ, ընդունել, որ դա որևէ կապ չունի քաղաքակրթության հետ ու դադարեցներ մարդասպանների հերոսացման գործընթացը: Առայսօր ոչ միայն միջազգային հանրությունը, այլև Հայաստանը պետական մակարդակով չի վերաիմաստավորել և համարժեք գնահատական տվել կատարվածին: ԱԺ-ը առայժմ որևէ փաստաթուղթ չի ընդունել այդ մասին, որով կհստակեցվեր մեր օրենսդիր մարմնի գնահատականը կատարվածին:
Սումգայիթյան ջարդերի զոհերը ու նրանց ընտանիքները չունեն հատուկ կարգավիճակ, իրավաբանորեն նրանք ուղղակի մահացել են, և նրանց ընտանիքները չունեն սոցիալական, քաղաքական և իրավական որևէ պաշտպանություն»,- ասաց նա:
Լ. Ալավերդյանի խոսքով՝ Ադրբեջանում ռասիզմը պետականորեն խրախուսվում է և դրանով այլասերվում է մի ողջ սերունդ Ադրբեջանում, իսկ մենք դեռևս պասիվ քաղաքականություն ենք վարում այս հարցում:
«Ընդունենք, որ դուրս ենք մնում այն պայքարից, որ տեղի է ունենում աշխարհում, և այն ժամանակ ենք արձագանքում Ադրբեջանին, երբ նրանց կողմից որևէ անհիմն հայտարարություն է արվում: Մենք քաղաքակրթական պայքարի առաջին գծում ենք, և պետք է անենք դա ոչ միայն մեր, այլև հանուն տարածաշրջանում նման սպանությունների կանխարգելման»,- ասաց նա:
Լ. Ալավերդյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ 2009 թ. մինչ այժմ ՀՀ Նախագահին առընթեր տեղեկատվական կենտրոնի կողմից աննախադեպ աշխատանք է տարվում այս ուղղությամբ:
«Ֆիլմաշարերի, արխիվների բացահայտման, նոր կայքեր բացելով աննախադեպ գործունեություն է իրականցվում և հստակ պետք է արձանագրել այն դրական քայլը, որ տեղեկատվական քաղաքականության մեջ աննադեպ քայլ առաջ է կատարվել: Երբ պետական մակարդակում որևէ օղակ սկսում է աշխատել, արդյունքները ակնհայտ են դառնում, սակայն հարց պետք է տալ, ինչո՞ւ ենք դա 20 տարի ուշացրել»,- ասաց նա: