01/03/2013 12:05
Հացադուլ հայտարարած կալանավորի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է գտնվում չորրորդ օրը հացադուլ հայտարարած դատապարտյալ Տիգրան Սերոբյանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Տ. Սերոբյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա շնչում է ապարատով: Հարցին, ինչու են Տ.Սերոբյանի համար հոգևորականներ հրավիրել դատապարտյալների հիվանդանոց, Գ. Ղլեչյանը նշեց, որ դա արվում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բոլոր դատապարտյալների համար:
Նշենք, որ նախկինում 3 անգամ դատապարտված Տ. Սերոբյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Տ. Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ.հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը Վահան Մարտիրոսյանի, Արման Հովսեփյանի և Համլետ Հովսեփյանի հետ կազմակերպված խմբով Ճամբարակ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի հարակից դաշտից գողացել է խոշոր չափի` շուրջ 700000դրամ ընդհանուր արժողությամբ Վլադիմիր Իշխանի Օհանյանին և Եվգենի Վասիլի Կոնովալովին պատկանող մեկական գլուխ ձիերը:
2011թ.հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը Տ. Սերոբյանը Վահան Մարտիրոսյանի, Արման Հովսեփյանի և Համլետ Հովսեփյանի հետ Ճամբարակ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի հարակից դաշտից գողացել է Գուրգեն Մանուկովին պատկանող խոշոր չափի ` շուրջ 614 000 ընդհանուր արժողությամբ 2 գլուխ ձիերը: