04/03/2013 18:33
Երևանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը
Անցած շաբաթ օրը Երևանում կայացավ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Մոսկվա կինոթատրոնում հանդիսատեսին ներկայացվեց Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներ, որից հետո կայացավ փառատոնի առաջին ֆիլմի՝ «Ակվարիում»-ի ցուցադրությունը: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակել է 2013 թվականը Միջազգային ջրային համագործակցության տարի: Պայմանավորված վերը նշվածով Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնին ներկայացված ֆիլմերը անդրադառնում են ջրային թեմային:
Փառատոնի շրջանակում «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվի բրիտանացի կինոգործիչների կողմից ստեղծված 9 ֆիլմ: Մարտի 2-ից մարտի 7-ը ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում ժամը 16:00-ին և 18:00-ին, իսկ մարտի 8-ից մարտի 10-ը «Նաիրի» կինոթատրոնում` ժամը 14:30 և 16:30: Մուտքն ազատ է:
Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ: