05/03/2013 09:44
ՀԱԿ-ը չի մասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին
«168 Ժամ»-ի տեղեկություններով, ՀԱԿ-ում որոշում է կայացվել չմասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: ՀԱԿ-ում հաշվել են, որ այս ընտրություններին իրենք ոչ միայն հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն, այլ ընդհակառակը՝ ի ցույց են դնելու իրենց թուլությունը և խայտառակվելու են: Ի տարբերություն 2009թ. Երևանի խորհրդի ընտրությունների, երբ ՀԱԿ-ը հանդես էր գալիս՝ որպես միակ ընդդիմություն և տարավ ընդդիմադիր ընտրազանգվածի քվեները՝ գրավելով երրորդ պատվավոր տեղը, այս ընտրություններում ՀԱԿ-ն ունենալու է առնվազն երկու լուրջ մրցակից, որոնք տանելու են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները»՝ նկատի ունենալով ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»:
«Արդյոք ՀԱԿ-ն ի պատասխան «Ժառանգության» 2009թ. դիրքորոշման՝ կհայտարարի՞, որ սատարում է «Ժառանգությանը», և կոչ կանի՞ քվեարկել «Ժառանգության» ցուցակի համար: Նկատի ունենալով ՀԱԿ-ում «Ժառանգության» նկատմամբ ունեցած խանդն ու թշնամությունը՝ նման բան դժվար է ակնկալել»,-գրել է թերթը: