05/03/2013 15:13
Արմեն Մարտիրոսյան. Հնարավոր է՝ դիմենք ՍԴ
ՀՀ վարչական դատարանը մերժել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: ԿԸՀ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նման որոշումը, իհարկե, սպասելի էր և իրենք, ամենայն հավանականությամբ, կդիմեն ՍԴ:
«Հայաստանում անկախ դատարան չկա, ինչը բազմիցս ասվել է նաև միջազգային կազմակերպությունների կողմից: ՍԴ-ը մեզանից էլ լավ է տեղյակ, սակայն չգիտեմ, ինչ որոշում կընդունեն»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը պահանջում էր անվավեր ճանաչել փետրվարի 25-ին ԿԸՀ-ի ընդունած որոշումը, պարտավորեցնել ԿԸՀ-ին հաշվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների և դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրանք ներառել Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ, ինչպես նաև անվավեր ճանաչել նրա գրանցումը: