09/03/2013 14:36
Երևանում ապրիլի 1-7 կանցկացվի «Արևավիշապ» գրաֆիկական հումորի փառատոնը
Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվելու կապակցությամբ՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում կազմակերպում են «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի նկարիչների միության ֆեյսբուքյան էջից:
Փառատոնի թեմաներն են. ա) Գիրքն ու գրատպությունը: բ) Ըստ ցանկության:
Մրցանակներն են.
Առաջին մրցանակը - Ոսկյա Արևավիշապ
Երկրորդ մրցանակը - Արծաթյա Արևավիշապ
Երրորդ մրցանակը - Բրոնզյա Արևավիշապ
Հատուկ մրցանակներն են.
ՀՀ Մշակույթի նախարարության մրցանակը՝ «Հայ գրատպության 500-ամյակը»
Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի մրցանակը
Հայաստանի նկարիչների միության մրցանակը
Փառատոնին մասնակցելու իրավունք ունեն ողջ աշխարհի հասունության տարիքի բոլոր երգիծանկարիչները, գրազարդարներն ու գրաֆիկները:
Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքների (երգիծանկարների, շարժերի, ստրիպների, կոմիքսների, ևն) քանակն անսահմանափակ է:
Աշխատանքներն ընդունելու վերջնաժամկետն է՝ 2013 թվականի մարտի 22-ը: Աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի նկարչի տանը, ինչպես նաև, կազմակերպիչների հայեցողությամբ, ողջ Հայաստանի թանգարաններում, պատկերասրահներում ու ցուցասրահներում: