11/03/2013 11:00
ՍԴ-ում Սերժ Սարգսյանին ներկայացնում է Հրայր Թովմասյանը
Սահմանադրական դատարանում սկսվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի քննությունը, որը վերաբերում է փետրվարի 25-ին ԿԸՀ կողմից ընտրությունների վերաբերյալ երկու որոշումները անվավեր ճանաչելուն:
Դատական նիստի սկզբում պարզ դարձավ, որ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը սեփական դիմումի համաձայն՝ գործում ներգրավվել է որպես երրորդ կողմ, սակայն երրորդ կողմ ներգրավվելու մասին դիմումում նշված է, որ նա պետք է ներգրավվի որպես նախագահի թեկնածու և ոչ որպես գործող նախագահ:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներից իրավաբան Կարեն Մեժլումյանը հանդես եկավ միջնորդութամբ` Սերժ Սարգսյանին չճանաչել երրորդ կողմ, քանի որ այս պահին նա արդեն ոչ թե նախագահի թեկնածու է, այլ փաստացի մինչև ապրիլի 9-ը գործող նախագահ:
Հետաքրքիր է, որ ոպես Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ դատարան է ներկայացել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Անդրիաս Ղուկասյանը ևս հանդես եկավ միջնորդությամբ` պահանջելով, որ ՀՀ արդարադատության նախարարը չներկայացնի Սերժ Սարգսյանին դատարանում, քանի որ վերջինս պետական պաշտոնյա է:
Սրան ի պատասխան Թովմասյանն ասաց, որ այսօր դատարանում նա ոչ թե Արդարադատության նախարար է այլ՝ քաղաքացի, ով պարզապես ունի բարձրագույն իրավաբանական կրթութուն:
Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը քննարկելու համար դատարանը ընդմիջեց նիստը և հեռացավ խորհրդակցական սենյակ: Այնուհետև դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը: