12/03/2013 09:40
ԲՀԿ-ի մաքսիմում և մինիմում ծրագրերը
Անդրադառնալով Երևանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակին, «Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «ԲՀԿ շտաբը ղեկավարելու է երրորդ հորիզոնականը զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը, որն ի դեպ, փոխնախարարի պաշտոնից ազատվել էր որոշակի մեքենայությունների հետ կապված կասկածների հողի վրա, ինչն այդպես էլ չբարձրաձայնվեց ու իրավական տեսք չստացավ: Նրա որդին այժմ զբաղեցնում է Աշխատանքի տեսչության պետի պաշտոնը: Ավագանու ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն ունի մաքսիմում և մինիմում ծրագիր, մաքսիմում ծրագրով՝ հաղթել ընտրություններում, մեծամասնություն կազմել, քաղաքապետ ունենալ, այս տարբերակի դեպքում ենթադրվում է, որ քաղաքապետ է դառնալու Գուրգեն Արսենյանը, որովհետև Վարդան Օսկանյանն ընդամենը ցուցակը ղեկավարելու համար է առաջին հորիզոնականը զբաղեցրել: Եթե ԲՀԿ-ն չկարողանա մեծամասնություն ձևավորել, ապա մինիմում ծրագրով կփորձի քաղաքապետի առաջին տեղակալ դարձնել նույն Աբրահամ Մանուկյանին, որը, ըստ ԲՀԿ թերթի աղբյուրի, սիրով վայր կդնի պատգամավորական իր մանդատը և փոխքաղաքապետ կաշխատի: Թե ովքեր են լինելու հաջորդիվ, ԲՀԿ-ում պաշտոնապես լռում են:
Թերթի աղբյուրներն ասում են՝ ոչ մի հայտնի անուն: Հանձնարարվել է տարածքային կառույցների ղեկավարներին՝ ցուցակներ ներկայացնել:
«Ամեն համայնք քվոտա ունի»,- բացատրել է թերթի զրուցակիցը: Արդեն 2 օր է՝ ԲՀԿ-ում ցուցակներ տանել-բերելու վազքի մեջ են: Մի սկզբունք էլ է հստակեցվել՝ ընտրություններից հետո ով ինչպես է աշխատել, որքան ձայն ապահովել, ըստ դրա էլ կանցնի համապատասխան աշխատանքի քաղաքապետարանում կամ վարչական համայնքներում»: