13/03/2013 09:39
ՀԱԿ-ում քննարկում են առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը
Թեև արդեն երկու օր է՝ մեկնարկել է Երևանի ավագանու ընտրություններում համամասնական ընտրացուցակները հանձնելու ժամկետը, սակայն ընդդիմադիր ՀԱԿ-ը վերջնականապես դեռ չի որոշել՝ մասնակցելու է այդ ընտրություններին, թե ոչ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀԱԿ-ում այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում, և այնտեղ առայժմ հակված են մասնակցել ընտրություններին։ Ու եթե այդպես լինի, ընտրացուցակում նախապատվությունը կտրվի երիտասարդներին։ Սակայն չի բացառվում, որ վերջին պահին, այնուամենայնիվ աննպատակահարմար համարեն այս ընտրություններին գնալը, քանի որ հիմա ՀԱԿ-ը զբաղված է ներքին խնդիրներով մասնավորապես՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմավորմամբ։
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, թերթի հետ զրույցում նշել է, իրենք դեռևս վերջնական որոշում չունեն, հետևաբար չի կարող հստակ պատասխանել այդ մասին մեր հարցին: