14/03/2013 15:39
Մահացել է Հայաստանի Գլխավոր Ոզնին
Մեկ ժամ առաջ մահացել է Արամայիս Սահակյանը: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին Հայաստանի գրողների միությունից:
Գրողը երկար ժամանակ տառապում էր քաղցկեղից:
Նա Հայաստանի գրողների միության անդամ էր, մի քանի գրքերի հեղինակ, երկար տարիներ խմբագրում էր «Ոզնի» հանդեսը` կրելով Գլխավոր Ոզնի պատվանունը:
Արամայիս Սահակյանը ծնվել է 1936թ. մայիսի 24-ին, Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում: 1955-60թթ սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության և գականության ֆակուլտետում, ապա` Մոսկվայի ԽՍՀՄ Գրողների միությունում: 1960թ-ից թղթակցել է «Ավանգարդ», «Գարուն» պարբերականներին:
1958թ-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների, 1971թ-ից` Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ: 1971-76թթ աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր, ապա՝ երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր: 1977-81թթ եղել է ՀԽՍՀ Գրողների միության կուսակցական քարտուղարը:
1990-95թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: Եղել է ՀԽՍՀ Պետական մրցանակի և Լենինյան կոմերիտմիության «ոսկե գրչի» դափնեկիր: 1958-2002թթ տպագրության է հանձնել ավելի քան 40 գիրք: Նրա գրված բանաստեղծությունների հիման վրա գրվել է ավելի քան 100 երգ, այդ թվում` կինոնկարների ու թատերական ներկայացումների համար:
Արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների: Ավելի քան 10 տարի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ծիծաղի տուն» երգիծական հաղորդումը: 1982թ-ից հանդիսանում է «Ոզնի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: