14/03/2013 09:53
Դրամի արժեզրկման արդյունքում աճել են որոշ ապրանքատեսակների գները
«Հայկական ժամանակը» գրում է. «Հայաստանյան խանութներում արդեն արձանագրվում է որոշ ապրանքատեսակների գների աճ:
Մասնավորապես` յուրաքանչյուր լիտրը մոտ 50 դրամով թանկացել են բնական հյութերի, յուրաքանչյուր տուփը` 10 դրամով թանկացել են ներկրվող ծխախոտի որոշ տեսակներ: Այս թանկացումները նախ և առաջ պայմանավորված են դրամի` վերջին շրջանում արձանագրվող արժեզրկման միտումներով և ընդհանրապես, Հայաստանի տնտեսությունում արդեն շոշափելի դարձող խիստ բացասական սպասումներով»:
Ապա թերթն ավելացնում է. «Երեկ ՀՀ Ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ այն դեպքում, երբ նախորդ գործարքների արդյունքներով 411 դրամ 50 լումա էր: Ուշագրավ է, որ դրամի ավելի կտրուկ արժեզրկումը կանխվում է միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող մեծածավալ արտարժութային ինտերվենցիաների շնորհիվ: Այդ միջոցով դրամի արժեզրկումը հնարավոր չէ կանխել երկարաժամկետ հեռանկարում»:
Մեկ այլ լուրով թերթը հայտնում է, որ Զատկի տոնին ընդառաջ նկատվում է նաև ձվի ու ձկնամթերքի չափավոր թանկացում, ինչը հաստատել են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: