14/03/2013 17:00
Վարչապետ. Առևտրային բանկերը ցածր են գնահատում գույքը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին:
«Մենք Համաշխարհային բանկից առաջարկություններ էինք ստացել ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու վերաբերյալ, և այնտեղ մի դրվագ կար, որը վերաբերում էր անշարժ գույքի գնահատմանը»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը նշեց, որ միևնույն գույքը տարբեր գնահատողներ էական տարբերություններով են գնահատում, առևտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, սակայն, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը, իսկ շուկայում կան այլ գնահատողներ, որոնք տալիս են որակապես այլ գնահատական։
«Մի կողմից` երևի առևտրային բանկերը չպետք է աշխատեն միայն մեկ-երկու գնահատողի հետ, այսինքն` եթե շուկայում կան տասնյակ գնահատողներ, եթե նրանք միայն մեկ-երկուսի հետ են աշխատում, ապա արդեն որոշակի շուկայական շեղում է կատարվում: Մրցակցություն չկա»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց ուսումնասիրել՝ կա՞ մրցակցություն և կա՞ն արդյոք պայմանավորվածություններ, որոնք խաթարում են շուկայի բնականոն զարգացումը։